Դիջիպատում

Երբ փորձում եմ վերհիշել կրթահամալիրում անցկացրած տարիներս, հասկանում եմ, որ չի եղել տարի, որ իր տեսակով և բովանդակությամբ կրկնված լինի: Յուրաքանչյուր ուսումնական տարի իր ձեռքբերումներով և խնդիրներով միշտ տարբերվել է: Դա խոսում է կրթահամալիրի դինամիկ վիճակի մասին: Այս ուսումնական տարին էլ առանձնացավ մյուսներից՝ իր հետ բերելով նախագծային ուսուցումը: Սա համարում եմ տարվա ձեռքբերումներից մեկը: Մինչ այժմ արված աշխատանքը, նախագծային ուսուցումը դարձրեց ավելի հավաք և նպատակային:IMG_5547
Կիսամյակի ընթացքում աշխատեցինք հետևյալ նախագծերի շուրջ՝ Տիեզերք, Կոմիտասյան օրեր, Խնկոյանական օրեր, Բարձունքի հաղթահարում, Սեբաստացու օրեր և կիսամյակն ավարտեցինք Ամանոր նախագծով: Յուրաքանչյուր նախագիծ սովորողին տվեց բավականին գիտելիքներ, կարողություններ և հմտություններ: Նախագծային ուսուցումը բերեց նրան, որ սովորողները դարձան ավելի հետաքրքրասեր, պրպտող և աշխատասեր:
Տարվա ձեռքբերումներից եմ համարում նաև այս տարվա կատարած ուսումնական ճամփորդությունները, որոնց սովորողները սպասում են սրտատրոփ՝ Աստղացուցարանից սկսած մինչև Դվինի բլուրներ (ի դեպ Դվինի բլուրները չբավարարեցին 2-րդ դասարանցիներին, ավելի մեծ բարձունք էին ուզում հաղթահարել) :
Մեծ ձեռքբերում է նաև այն փաստը, որ երեխաները դպրոց են գալիս, ոչ թե ծանր պայուսակների տակ կռացած, այլ փոքրիկ ու գրեթե դատարկ պայուսակով, մի նեթբուք էլ մեջը: Դե, ինտերնետը կա, որ րոպեին ուզես` էլ. դասագիրքը հասանելի է, էլ չեմ ասում, նեթբուքի մեջ էլ ներբեռնած է: Գրքի կարիք կա՞, տիկին Երանուհին մեզ կօգնի այդ հարցում:
Սովորողները դարձել են շատ հմուտ: Նույնիսկ իրենց մեդիահմտությունները փոխանցում են ծնողներին և ուսուցիչներին:
Եվ ամենամեծ ձեռքբերում համարում եմ իմ դասարանը՝ կայուն, համախմբված, ակտիվ, խելացի ու սպորտային:
Դե այսքան ձեռքբերումների մեջ մանր խնդիրները ինքնաբերաբար կորչում են:
Իսկ բոլորին առաջարկում եմ լինել համախմբված և միասնական:

Թողնել մեկնաբանություն